ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Եվս մեկ անգամ Մեղրիի միջանցքի փոխանակման մասին

Եվս մեկ անգամ Մեղրիի միջանցքի փոխանակման մասին
12.07.2019 | 01:39

Փոլ Գոբլը դեռևս անցած դարի 90-ականներին Մեղրիի միջանցքը գնահատեց որպես աշխարհի ամենաթանկ հողակտոր: Այս բնորոշմամբ աշխարհին ոչ այնքան հայտնի քաղաքական մեկնաբանը մեկեն դարձավ հայտնի անձ: Թանկ, թե էժան, հայերիս համար դա չէր կարևորը, որովհետև այդ հողակտորը մեր բոլոր ժամանակների նեղ օրերի միակ պատուհանն էր դեպի աշխարհ և ի դժբախտություն իսլամ դավանող մեր մյուս հարևանի, այդ նույն կրոնը դավանող երկիրը` Իրանը, շատ ջերմ վերաբերմունք ունի հայերիս նկատմամբ:


Դեռևս 1992 թվականին Փոլ Գոբլի հոդվածից հետո «Մոլորակ» թերթում տպագրեցի հոդված, որտեղ արտահայտել էի այն միտքը, որ այդ թանկ հողակտորը թանկ է ոչ միայն մեզ, այլև Իրանի, Ռուսաստանի, եթե կուզենք, անգամ Չինաստանի համար:
Այժմ ոմանք մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, թե Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու մտադրություն ուներ։ Ասեմ, որ Մեղրիի փոխանակումը որքան վատ հետևանք կունենար մեզ համար, այնքան ավելի ծանր կլիներ Իրանի համար:
Դեռևս 1990 թվականին ԱՄՆ-ի պետքարտուղար Բեյքըրը հեռահար հայացք էր նետել Թուրքիայի միջոցով այդ տարածքով Միջին Ասիա դուրս գալու վրա, որով հիմք կդրվեր Իրանի հետագա անխուսափելի մասնատմանը: Իրանում ապրող մոտ տասնվեց միլիոն ադրբեջանցիներին հեշտ կլիներ հանել Իրանի իշխանությունների դեմ: Եթե մի փոքր հեռու գնանք, կարելի է փաստել, որ երբ կար հզոր ԽՍՀՄ-ը, Իրանը թույլ տվեց Նախիջևանի հարցում ճակատագրական սխալ: Թուրքիայի և Ադրբեջանի միջև անմիջական ցամաքային կապ ստեղծելու համար Թուրքիայի հետ մեկ այլ սահմանային հատվածում կատարեց տարածքների փոխանակում: Չեմ կարող ասել` այժմ Իրանի ներկայիս իշխանությունները զգու՞մ են իրենցից առաջ կառավարողի թույլ տված սխալը, թե ոչ, բայց մի բան կարող եմ հաստատ ասել` Մեղրիի հարցում Իրանը երկրորդ սխալը երբեք թույլ չի տա:


Հիմա անդրադառնամ Ռուսաստանին: Եթե անկեղծ լինենք, ապա կարելի է փաստել, որ ռուս կառավարողները դարեր շարունակ ստոր քաղաքականություն են վարել ոչ միայն մեր նկատմամբ, այլև իրենք իրենց։ Վերջապես այն հողերը, որ Ռուսաստանը միշտ զիջել է թուրքին, ճիշտ է, հայկական հողեր են, բայց վերջին հաշվով իր կայսրության մեջ մտած տարածքներ էին, որի համար ռուս զինվորը արյուն էր թափել: Ասենք` ի՞նչ կա զարմանալու` ռուս զինվոր է մեռել, հո անգլիացի կամ ամերիկացի չի՞ մեռել: Դարերի պատմությունը ցույց է տվել, որ ռուս մայրը որդի է ծնում, ուղարկում է բանակ, որը հերոսաբար պաշտպանում է հայրենիքը, բայց որի հաղթանակի արդյունքը ռուս կառավարողը դարձնում է զրո: Գորբաչովը` մեզ օրինակ: Եվ այսօր Արևմուտքը պատերազմի պատմություն է գրում, որտեղ կարծես ռուս զինվոր չի եղել: Եթե Մեղրին փոխանակվում է Ղարաբաղով, ապա թուրքը առանց որևէ կրակոցի դուրս է գալիս Միջին Ասիա, որտեղ թուրքական ցեղերը կմիավորվեն ընդդեմ ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի:


Հավանաբար այսօրվա ռուս կառավարողը մտածում է ճիշտ այնպես, ինչպես Վլադիմիր ՈՒլյանովը, որը հանուն մուսուլմանական Արևելքի ժողովուրդների հեղափոխության գնաց ծանրագույն հանցավոր քայլի: Այստեղ ոմանք գուցե համամիտ չլինեն ինձ հետ, բայց չեմ կարող չասել` Լենինը չգիտեր Աթաթուրքի տեղը, այդ Աթաթուրքն էր, որ հայտնաբերեց նրան և առաջարկեց համագործակցել ընդդեմ Անտանտի: Աթաթուրքը բացահայտ ասել էր` մեզ չի հետաքրքրում բոլշևիկյան գաղափարախոսությունը, մեզ հետաքրքրում է մեր երկրի շահը: Իսկ Լենինին, հակառակը, չէր հետաքրքրում ռուսական երկրի շահը, նրան հետաքրքրում էր համաշխարհային հեղափոխության շահը: Հանուն այդ հեղափոխության շահի, նա ի հաշիվ Ռուսաստանի ստեղծեց հսկայական տարածքներով ՈՒկրաինա, Վրաստանի մինի կայսրություն, ամայի տեղում` Ադրբեջան և Թուրքեստան կոչված տարածքներում հիմքը դրեց մուսուլմանական պետությունների, որոնք այսօր Ռուսաստանի կոկորդն են կրծում: Լենինից հարյուր տարի հետո նույն սխալը հայերիս հարցում կրկնում է Վլադիմիր Պուտինը: Նա, որքան էլ տարօրինակ չհնչի, Թուրքիայի հարցում ունի պատմական վերլուծության կարողություն: Բայց հանուն ճշմարտության նորից փաստեմ. ինչպես այն ժամանակ, այսօր էլ Ռուսաստանը աշխարհում չունի բարեկամներ: Եթե Կիևը հայցում է Արևմուտքի օգնությունը, նրա այդ քայլից գաղտնի հետ չի մնում նաև Բելառուսը, որպեսզի քերթեն արջի կաշին, ավելացնելու ոչինչ չունեմ: Սակայն այստեղ ռուս կառավարողին չի հետաքրքրում վաղվա օրը, որ հանկարծ Թուրքիան կարող է դուրս գալ Միջին Ասիա: Նա կարող է համաձայնել այդ փոխանակման հետ, որպեսզի Հայաստանը վերջնականապես և հավիտենական դառնա մի անկլավ, որպեսզի երբևէ չկարողանա Ռուսաստանի դեմ որևէ ինքնուրույն քայլ կատարել: Իհարկե սա դասական ապուշություն է, որից երբևէ հեռու չեն եղել ռուս կառավարողները:


Այսօր Թուրքիան մերձեցել է Ռուսաստանի հետ, և այդ քայլի համար ռուսը սիրաշահում է թուրքին, մանավանդ այն բանից հետո, երբ Թրամփը մի պահ սպառնաց Էրդողանին, թե հիմնահատակ կավերի նրա տնտեսությունը, եթե C-400-ի գործարքը կայանա, ինչին Էրդողանը շատ սառնասրտորեն դիմացավ և հաղթեց: Այսօր Թրամփին կարելի է բնութագրել Մսրի կանանց խոսքերով, որով ծաղրում էին Կոզբադինին: Թրամփը մեկ սպառնում է Իրանին, մեկ Թուրքիային, հաթաթա է տալիս Ռուսաստանին և երբ նկատում է, որ ասածը բանի տեղ չի անցնում, անհեթեթ պատճառաբանություններով փորձում է արդարացնել իրեն:


Ռուսաստանը երկու հարյուր տարվա մեր անկեղծ նվիրվածությունը երբեք մարդկայնորեն չի հասկացել և չի հասկանալու: Եթե հետադարձ հայացք նետենք դարերի խորքը, կարելի է ասել` դեպի հյուսիս նայելով մենք մեզ գնահատել ենք որպես թերարժեք ազգ, և այդ քրիստոնեական թերարժեքությունը մեզ վրա թանկ է նստել: Ռուսաստանը մեր լավը չուզող բարեկամ է: Եվ այսօր այդ բարեկամը, ընդամենը երկու տարի հետո ևս մեկ անգամ ցույց կտա իր անբարո կերպարը. 2021 թվականին, երբ լրանալու կլինի Կարսի պայմանագրի ժամկետը, Ռուսաստանը պիտի ասի «այո» կամ «ոչ»: Հավատացած եմ, որ Էրդողանը հանուն այդ պայմանագրի հերթական ժամկետի կորզման, մերձեցել է Ռուսաստանի հետ, և երբ պահը գա, հերթական անգամ կխաբի Ռուսաստանին։
Մեղրին թանկ է նաև Չինաստանի համար: Այժմ այդ հզոր երկիրը կանգնած է ույղուրական պրոբլեմի առջև: Պատկերացնել կարելի է, ինչպիսին կլինի այդ պրոբլեմը հետագայում, երբ Չինական պատի մոտ հայտնվի Թուրքիան: Ասենք այդ պրոբլեմի մասին Թուրքիան հիմա էլ է խոսում:


Հիմա հետ դառնամ Քոչարյանին: Մի՞թե քաղաքական պայքարի բովով անցած, երկու երկրների նախագահ եղած մարդն այնքան միամիտ է, որ չունի այդ կարևոր հարցը ճիշտ վերլուծելու կարողություն: Երբ 1993-ին Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է Ղարաբաղում և փորձել է ստիպել անվտանգության խորհրդի անդամներին, որ հետ վերադարձնեն Քելբաջարը, որովհետև ինքը խոստացել է Ելցինին, ղարաբաղցիները կարողացել են դիվանագիտորեն խուսափել հարցի լուծումից: Այսօր պատկերացնու՞մ եք, եթե Քելբաջարը գտնվեր Ադրբեջանի ռազմական ազդեցության գոտում, որքա՜ն ծանր կլիներ երկու հայկական պետությունների վիճակը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Եթե իրոք Քոչարյանը ռեալ կերպով փորձել է Մեղրին փոխանակել Ղարաբաղով, ու մենք ասում ենք, թե դա դավաճանություն է, ապա ինչու նույն գնահատականը չենք տալիս Լևոն Տեր-Պետրոսյանին, որն իր փուչ խոսքի տերը դառնալու համար ստիպում էր Ղարաբաղի անվտանգության խորհրդին հանձնել Քելբաջարը: Այստեղ են ասել` մեկնաբանության կարիք չկա: Ոչ Մեղրին, ոչ Քելբաջարը, ոչ էլ մի թիզ հող չեք հանձնի, միանշանակ է։ Այդ ո՞ր ղեկավարն է, որ գլխից ձեռ է քաշել... Մի՞թե անցած երեսուն տարիները չեն հաստատում խոսքերս:

Դիտվել է՝ 68774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ